Ինչպես հաղթահարել անհանգստությունը եվ ապրել երջանիկ - Քարնեգի Դեյլ


Տանը, փողոցում, աշխատավայրում, նորություններ լսելիս, ապագայի մասին մտածելիս, ամենուր այդ անհանգիստ մտքերը հետապնդում են մեզ ու խանգարում լիաթոք ապրել:
Ամերիկացի հայտնի հոգեբան, ուսուցիչ և գրող Դեյլ Քարնեգիի անունը շատերին է հայտնի: Նա ոչ միայն մարդկային շփումների, փոխհարաբերությունների ու ներդաշնակ կյանքի մասին բազմաթիվ ուսումնասիրությունների ու գրքերի հեղինակ է, այլև անդրադարձել է հենց այս խնդրին:

ԽՈՐՀՈՒՐԴ 1-ԻՆ

Քարնեգիի կարծիքով առաջին և ամենակարևոր խնդիրը երկաթյա ամուր դարպասներով անցյալը, ներկան ու ապագան իրարից բաժանելն է: Ապրել պետք է ներկայով՝ առանց զղջալու անցյալի մասին և առանց անհանգստանալու ապագայի մասին: Հակառակ դեպքում անցյալի փորձի և ապագայի հույսերի մասին մտքերը ձեր մեջ կառաջացնեն անհանգստություն ու տագնապային հոգեվիճակ:
Ապագայի բեռը, ավելանալով անցյալի բեռին, որը դուք կրում եք ձեզ վրա այսօր, ստիպում է սայթաքել անգամ ձեզնից ամենաուժեղներին: 
Դեյլ Քարնեգի

ԽՈՐՀՈՒՐԴ 2-ՐԴ

Եթե մարդը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ հուզմունք ու անհանգստություն է զգում, ապա նա պետք է դիմի այս կախարդական բանաձևին, այն է.
  • Հարցնի ինքն իրեն. «Ո՞րն է այն ամենասարսափելի բանը, որ կարող է տեղի ունենալ ինձ հետ»,
  • Ընդունի այդ «վատագույնը» որպես ի գիտություն ու համակերպվի դրա հետ, եթե կա նման անհրաժեշտություն,
  • Եվ հանգիստ մտածի, թե ինչ միջոցներով կարող է իրավիճակը փոխել:

ԽՈՐՀՈՒՐԴ 3-ՐԴ

Մարդը միշտ պետք է հիշի, որ անհանգստություններն ու տագնապները հսկայական չափերի վնաս են հասցնում իրեն ֆիզիկապես, և որ այդ պատճառված վնասը ոչ մի կերպ հնարավոր չէ վերականգնել:
Որպես օրինակ, Դեյլ Քարնեգին բերում է այն, որ շատ գործարարներ մահանում են վաղ տարիքում, քանի որ չեն կարողանում կառավարել իրենց տագնապները: Դրանք ստիպում են այդ մարդկանց անընդհատ անհանգստանալ, նյարդայնանալ, իսկ նյարդային բջիջները, ինչպես հայտնի է, չեն վերականգնվում: Որքան շատ է անհանգստանում մարդը, այնքան քիչ կյանք է նրան մնում: Հիշեք այդ ամսին:

ԽՈՐՀՈՒՐԴ 4-ՐԴ

Որպեսզի անհանգստությունները չկարողանան գերիշխել ձեր ուղեղում, այնտեղ միշտ պետք է լավ տրամադրություն տիրի: Դրական մտածելակերպ ու պահվածք ունեցող մարդիկ միշտ նկատում են կյանքի մեծ ու փոքր ուրախությունները: Այնպես արեք, որ ձեր շուրջը միշտ լավ տրամադրություն լինի, դրական մարդիկ: Կենսուրախ մարդկանց տրամադրությունը շատ մեծ չափով ազդում է նրանց կյանքի որակի վրա՝ իր հետ բերելով միայն լավ իրադարձություններ:

ԽՈՐՀՈՒՐԴ 5-ՐԴ

Անհանգստությունների առաջացման պատճառներից մեկը զբաղվածության բացակայությունն է: Եթե մարդը ոչինչ չի անում, և նրա մտքերը ոչնչով զբաղված չեն, նրա գիտակցությունը կարող է սկսել գեներացնել ամենատարբեր բացասական մտքեր ու տագնապներ: Ուզո՞ւմ եք ազատվել դրանցից, ծանրաբեռնեք ձեզ որևէ գործով: Ինտենսիվ աշխատանքը և զբաղվածությունը լավագույն դեղամիջոցն են, որոնք կարող են հաղթահարել մարդու թախիծն ու անհանգստությունը:
Մեր դժբախտությունները գաղտնիքը այն բանում է, որ մենք չափազանց շատ ազատ ժամանակ ունենք, որպեսզի մտածենք՝ երջանիկ ենք մենք, թե ոչ: 
Դեյլ Քարնեգի

ԽՈՐՀՈՒՐԴ 6-ՐԴ

Բացասական սովորությունները, որոնց թվին նաև դասվում է անդադար անհանգստության պատճառներ գտնելը, պետք է փորձել փոխարինել դրական սովորություններով: Դադարեք մանր-մունր բաների համար մտահոգվել, դարձրեք դա ձեր նոր սովորությունը: Պատկերացրեք այդ փոքրիկ խոչընդոտները մանր մրջյունենրի տեսքով, որոնք քանդում են ձեր երջանկությունը, և առանց փոքր-ինչ խղճի խայթ զգալու, ազատվեք դրանցից:

ԽՈՐՀՈՒՐԴ 7-ՐԴ

Ամեն անգամ անհանգստություն ապրելիս, հարցրեք ինքներդ ձեզ՝ տոկոսային որքան հավանականություն կա, որ ձեզ հետ կպատահի այն, ինչ ձեզ մտահոգում է: Թվերի տեսքով դա տեսնելը, ավելի ակնհայտ է դարձնում, որ անհանգստանալու կարիք այնքան էլ չկա:

ԽՈՐՀՈՒՐԴ 8-ՐԴ

Շատ մարդիկ շարունակում են տագնապած վիճակում մնալ, անգամ երբ որևէ տհաճ բան արդեն պատահել է: Մի արեք այդ սխալը, սովորեք հաշտվել անխուսափելի բաների հետ: Եթե գիտեք, որ ձեր ուժերից վեր է որևէ բան փոխելը տվյալ իրավիճակում, պարզապես պետք է ընդունել այդ փաստը որպես իրողություն և ինքներդ ձեզ ասել «Նշանակում է՝ այսպես էլ պետք է լինի, այլ կերպ հնարավոր չէ» և հանգստանալ:
Եթե դուք չեք կարողանում քնել, ապա վեր կացեք և որևէ գործով զբաղվեք, փոխանակ պառկեք և անհանգստանաք: Ձեզ տանջում է անհանգստությունը, այլ ոչ թե անքնությունը: Քնի պակասից դեռ ոչ ոք չի մահացել, իսկ ահա անհանգստությունը ձեզ ավելի շատ է վնաս տալիս:
Դեյլ Քարնեգի

ԽՈՐՀՈՒՐԴ 9-ՐԴ

Որպեսզի կարողանաք կառավարել ձեր անհանգստությունը, պետք է «սահմանազատիչ» ստղեծեք ինքներդ ձեր մեջ: Մտածեք, թե որքան անհանգստության է արժանի այս կամ այն իրավիճակը: Չէ՞ որ վատ եղանակի, դոլարի կուրսի փոփոխման, հավանած հագուստի՝ խանութում առկա չլինելու, աշխատանքից ազատման կամ դժբախտ պատահարի մեջ կան էական տարբերություններ: Եվ մանր-մունր բաների համար չի կարելի օրերով տանջվել տագնապալից մտքերից: Ամեն անգամ մանրուքների համար անհանգստանալիս հիշեք, որ ավելի կարևոր բաներ կան և մի անցեք ձեր իսկ դրած սահմանները:

ԽՈՐՀՈՒՐԴ 10-ՐԴ

Անհանգստությունները մարդու մտքերում գերիշխում են հատկապես այն ժամանակ, երբ նա չափազանց շատ է կենտրոնանում իր սեփական եսի վրա: Անհանգստությունները չեզոքացնելու համար հարկավոր է ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերել շրջապատի հանդեպ, ամեն օր ինչ-որ լավ բան անել թեկուզ անծանոթ մարդու համար: Թեև այս խորհուրդը բավական անսովոր կարող է թվալ, բայց այն իսկապես տալիս է իր արդյունքները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«Մի երկար գիշեր և մի կարճ առավոտ»

Ամանորյա հրաշքը